1. Կարդացե՛ք հեքիաթը:
  2. Ի՞նչ խորհուրդներ ունի հեքիաթը:
  3. Գրի՛ր ասացվածքներ, որոնք համապատասխանում են հեքիաթի խորհրդին:

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի թագավոր: Էս թագավորը ունենում ա մի կնիկ, էրկու էլ տղա՝ ամեն մինը ըսենց հինգ֊վեց տարեկան։ Էս թագավորը ընենց մի խղճմտանքով մարդ ա ըլնում, ընե՛նց մի արդար դատաստան անող, աղքատներին, անճարներին ողորմող, որ քոմմա սրա անըմովն ին օրդում[1] ուտում՝ ընե՜նց մի հայ-քրիստոնյա մարդ ա ըլնում:

Օրեն մի օրը, մի դարվիշ վեր ա կենում գալի էդ թագավորի ամարաթը։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում են նոքարները։

— Ես ֆլա՛ն դարվիշն եմ,— ասում ա,— էկել եմ թագավորին տենամ։

Էթում են թագավորին իմաց տալի.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են,— ըսենց մի դարվիշ ա էկե, ուզում ա քեզ տենա. թո՞ղանք գա, թե չէ՛։

— Թո՛ղ գա,— ասում ա թագավորը,— մա՛րդ ա, բալի մի խնդիրք ունի ասելու։

Նոքարներն էթում են դարվիշին կանչում, բերում թագավորի կուշտը, իրանք թողում դուս գալի։ Դարվիշը թագավորին գլուխ ա տալի, ընդե կաննում:

— Ի՞նչ մարդ ես,– հարցնում ա թագավորը,– ի՞նչ բանի հմար ես էկե։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— ես ֆլա՛ն դարվիշն եմ, ֆլա՛ն երկրիցը՝ մի խնդիրք ունեմ քեզ ասելու:

— Ասա՛,— ասում ա թագավորը,— ասա՛ տենամ խնդիրքդ ի՞նչ ա։

— Թագա՛վորն ապրած կենա, կասեմ, համա պտի օրգում ուտես, որ անխոս կկատարես։

— Ասա՛, մի՛ վախի, ինչ որ ձեռիցս գա՝ կանեմ։

Դարվիշը գալիս ա ընկնում թագավորի ոնները.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,– ես ուզում եմ, որ քու թագավորությունը իրեք օր տաս ինձ։ Կտա՞ս, թե չէ:

Թագավորը միտք ա անում, միտք ա անում, միտք ա անում.– Լա՛վ,— ասում ա,— որ տամ, դու էլ խո՞սք ես տալի, որ իրեք օրը թամմի թե չէ՝ իմ թագավորությունը էլ եդ ինձ տաս։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, հա՛, խոսք եմ տալի: Չտվի, ի՛նչ ուզում ես՝ արա՛։

— Որ ըտենց ա, տվի[2]:

Կենում ա ընչանք լավ մութը գետինը կոխում ա, ոտքը խաղաղվում, նոր իրա շորերը հանում ա, տալի դարվիշին, դարվիշինը ինքը հագնում, թողում ամարաթը, դուս գալի: Էթալիս նոտարները տենում են, ըսկի չեն էլ ճանանչում. ասում են՝ հալբաթ էն դարվիշն ա, թագավորին տեհավ պրծավ, հմի էթում ա. դուռը բաց են անում՝ ճամփու դնում։ Հա՛, ըս էլ պտի ասեմ, որ էս բանը թագավորից ու դարվշից սավալի, որ ասես, մարդ չի իմանում, ընչանք իրա օզլուշաղն էլ խաբար չիլնում։

Թամամ իրեք օր դարվիշը թագավորություն ա անում։ Իրեք օրը թամմում ա թե չէ, թագավորը վեր ա կենում գալի։

— Դա՛րվիշ աղպեր,— ասում ա,— իրեք օրը թամմեց, դե հմի վեր արի թախտիցը՝ ես նստեմ։

— Ի՞նչ ես դուս տալի,– ասում ա դարվիշը,— հո չե՞ս գժվե. ի՜նչ թախտ, ի՜նչ բան, էրա՞զում ես, ի՛նչ ա։

— Լա՛վ, դարվիշ աղպեր, հանաքի վախտը չի. թեզ արա՛, քանի մարդ չի էկե։

Խեղճը հենց իմանում էր հանաք ա անում։ Համա մըն էլ էն տեհավ, որ նոքարներին ձեն տվեց. էկան վրա հասան, գլխին տալոն, բրոթբրոթելոն, քաշքշելոն տարան ընչանք հայաթը, ընդիան էլ արեցին քուչեն՝ դուռը շինեցին։ Խեղճը էլ չկարաց ամոթու ձեն֊ծպտոն հանի, փոր-փոշման թողաց գնաց: Գնաց, հեգսի օրն էլ եդ էկավ, տեհավ ամարաթի դուռը բաց ա, ուսուլով նի մտավ, գնաց սուտ֊թագավորի աղաքին կաննեց։

— Ա՛յ դարվիշ աղպեր,— ասեց,— ըսենց հանաք չիլնի, էրեկ էլ ընենց խաղկ ու խայտառակ անելոն ինձ դուս անիլ տվիր ըստիան։ Թագավորությունս քեզ իրեք օր ի տվե, ըսօր էլ հրես չորս օրը թամմում ա։ Ի՞նչ կասես, աղպեր:

— Հանաք-մանաք չեմ գիտա,— ասեց դարվիշը,— էս սհաթը դուս կորի ըստիան, թե չէ նոքարներիս ձեն կտամ, կգան, էլի քեզ էրեկվա օրը կքցեն։

Խեղճ թագավորը տեհավ, որ ճար, իլլաճ չկա, դարվիշն ուզում ա զոռ-զոռըբա իրա թագավորությունը զավթի.— Դո՛ւ քու աստոծը,— ասեց,— թագավորությունը ձեռիցս խլեցիր, կնիկս ու էրեխեքս էլա տո՛ւ, տանեմ նրանցով մխիթարվեմ։

Դարվիշը գնաց բերեց տվեց իրան։ Նա էլ կնկա ու էրեխեքանց կուռը բռնեց, լալով, լալաշկով ամարաթիցը դուս էկավ՝ գնաց:

— Փա՜ռք քեզ, աստոծ,— ասեց,— փառքդ շատ ըլնի. դո՛ւ տվիր՝ դու էլ առար։ Հալբա՛թ ես մի մեղքի տեր ի, որ օր ծերություն էս զուլումը բերիր գլուխս: Փա՛ռք, փա՛ռք, հազա՜ր հետ փառք քեզ, աստոծ։

Կնիկը, էրեխեքը աղաք արեց, ասեց. «Էթամ ղարբություն, բալի մի աշխատանքի տուտ բռնեմ, տուն, տեղ, օղլուղաղ պահեմ»։ Մի քանի ամսվա ճամփի պաշար վե կալան, ասսու անումը տվին, ընկան ճամփա: Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մախլասի՝ ընչանք իրիկուն էկան, մի չոլ֊յաբանի տեղ գշերը վրա հասավ: Էն սհաթը ըստե վեր էկան, ասեցին. «Կենանք ընչանք լիսանա, նոր վե կենանք էթանք»։

Ըտե վեր են գալիք էթում[3] չոր չոփ, թիթեն-միթեն կիտում, բերում կրակ անում, կրակի չորս բոլորը ջերկուն նստոտում, եննա բերում հաց-մաց ուտում, թեք ընկնում՝ քնում: Գշերվա մի վախտը զընգզընգոցի ձեն ա գալի. թագավորը գլուխը բանձրացնում ա, տենում մի բեզրգյան իրա քոչ ու բարխանով, նոքարներով էկավ իրանցից մի մանգզլաչանք տեղ հեռու վեր էկավ:

Էս բեզրգյանը ըտե վեր ա գալի, չագիր տալի, նոքարներին հրամայում ա կրակ անեն, որ զադ-մադ էփեն ուտեն։ Նոքարներն էթում են[4] ցախ-մախ, թիթեն—միթեն[5] հավաքում, բերում, որ կրակ անեն, բիրդան տենում են՝ հրենիկ հա՜, ֆլա՛ն տեղը կրակ ա էրևում։

— Էթա՛նք,— ասում են,— ընդիան կրակ բերենք՝ կպցնենք:

Վեր են կենում գալի ի՜նչ տենում՝ մի դարվիշ, էրկու էրեխա, մըն էլ մի կնիկ կրակի չորս բոլորը ջերկուն պառկոտել են։ Կնիկ մի՛ ասի՝ մի ակն-արեգակ, հուրի-մալաք, մարալ, ջեյրան, թառլան ղուշ ասա՛։ Սրանց ոտի ձենիցը թագավորը ալբիալը զարթնում ա։

— Բարիրիկուն,— ասում են,— դա՛րվիշ աղպեր։

— Բարո՛վ, հազա՜ր բարին,— ասում ա։

— Չի՞լնի մի քիչ հրակ տաս, տանենք մընք էլ կրակ անենք:

— Խի՞ չիլնի,— ասում ա,— հրենիկ՝ ինչքամ ուզում եք, վե՛ կալեք տարեք։

Նոքարներն էթում են մի քանի կրակ վեր ունում, թողում գալի իրանց չագիրը։

— Խի՞ էսքամ եդացաք,— հարցնում ա բեզրգյանը։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են նոքարները,— էն ինչ մենք ենք տեհե, դու տենայիր՝ ո՛վ գիտա՝ ընչանք լիս ընդե ղուլ ըլնեիր, մնայիր։

— Խի՞, ի՞նչ կար, ի՞նչ եք տեհե,— հարցնում ա բեզրգյանը,— ասե՛ք տե՞նեմ։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են,— գնացինք տեհանք կրակի չորս բոլորը պառկոտել են՝ մի դարվիշ, էրկու էրեխա, մըն էլ մի սի՜րուն, մի նա՜շխուն կնիկ. էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն՝ որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես, հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես[6]:

— Բաս որ ըտենց ա,— ասում ա բեզրգյան չե՞ք կարա էթա մի ֆանդով էդ կնկանը փախցնի բերի, որ բերեք՝ էլ փո՛ղ, էլ խաղինա՛, էլ մա՛լ, էլ դոլվա՛թ, մախլաս՝ հենց ի՛նչ ուզեք, իմա՛ց կացեք, կտամ:

— Կա՛րանք, խի՞ չենք կարա, բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են:

Նոքարները կրակ են անում, պրծնում, եդ դառնում գալի դարվշի կուշտը։

— Դա՛րվիշ աղպեր,— ասում են,— քեղ մի՛ խնդիրք ունենք ասելու։

— Խեր ըլնի, ասեք տենամ ի՞նչ ա ձեր խնդիրքը,— ասում ա դարվիշը։

— Մեր բեզրգյանի կնիկը էրկուֆոգիս ա,— ասում են,— հրեն որդե որ ա կազատվի. սատանական էս չոլ, յաբանի տեղը ո՛նչ տատմեր կա, ո՛նչ կնիկարմադ, որ ցավը բռնելիս՝ նրան մուղաթ կենա։ Հմի էկել ենք մուննաթ անենք քեզ, կնկանդ ասես՝ գա մեր խանըմին ազատի, էլի մենք նրան մեր քվոր պես կբերենք կհասցնենք ընչանք ըստե:

— Ա՛յ կնիկ, կէ՞թաս,— հարցնում ա դարվիշը կնկանը։

— Խի՞– չեմ էթա, ա՛յ մարդ,— ասում ա կնիկը,— էս չոլ, յաբանի տեղը ծննդկանի հավարին հասնիլը ֆոգու էլ վարձք ա:

Վեր ա կենում նոքարների հեննա գալի, սաքի թե բեզրգյանի կնկանը պտի ազատի։ Հենց որ հասնում ա չադիրը, բեզրգյանը հրամայում ա անսաս վեր ունեն կնկանը դնեն մի ղութկի մեջ, բեռները կապռտեն՝ յա՜լլա։ Նոքարներն էն սհաթը կնկանը բերում են դնում մի ղութիկ, բերանը ղայիմ կալնում, բեռները բարձում, ընկնում ճամփա։

Խեղճ դարվիշը կացավ մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ՝ տեհավ չէկավ։

— Հալբա՛թ,— ասեց,— բեզրգյանի կնիկը շատ դժար ա, պահում են ընչանք ազատվի, պրծնի, նո՛ր վեր ունեն, բերեն։ Մխելի աչքը կպցրեց, չկպցրեց, մի վախտ վե կացավ տեհավ ի՜նչ՝ լիսացե, օրը ճաշ ա դառե, դեռ հլա կնիկը չի էկե։ Ասեց․ «Տենամ քարվանն ընդի՞ ա»։ Եդ մտիկ արեց, տեհավ ո՛նչ քարվան կա, ո՛նչ զադ։ Շա՛տ գլխին վա՜յ տվեց, լաց էլավ, համա էլ ո՞ւր՝ բանը բանից անց էր կացե։

— Փառքդ շա՛տ ըլնի,— ասեց,— աստոծ, դո՛ւ տվիր, դո՛ւ առար, հալբա՛թ ես մի մեղքի տեր եմ, որ ըս էլ էրկու հետ ինձ պատժում ես։ Սա՛ղ թագավորությունից, տնից, տեղից, մալ ու դոլվաթից մաղբուն նստեցի հերիք չէր՝ հմի էլ կնիկս ձեռիցս խլեցիր։ Փա՛ռք քեզ, աստո՛ծ, հազա՜ր հետ փառք։

Խեղճը էլ ի՛նչ պտի աներ․ էրեխեքանց կուռը բռնեց՝ գնաց իրա ճամփեն։ Գնաց, գնաց, գնաց շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի վարար ջուր ռաստ էկավ։ Դե արի էշը ցխիցը հանա՛․ էսքամ զուլումը հերիք չէր՝ թազա զուլումի ռաստ էկավ։

— Ո՞նց ասեմ, ո՛նց չանեմ,— ասեց,— որ սաղ-սալամաթ անց կենամ ջրի էն դիհը։

Միտք արեց, միտք արեց, որ շատ միտք արեց, ասեց․ «Մենծ տղիս թողամ ջրի էս էրեսին, պուճուրին, շալակեմ անց կենամ, եննա գամ նրա՛ն վեր ունեմ, տանեմ։ Լա՛վ»։

Ըսե՛նց էլ արեց։ Մենծ տղին թողաց ընդե, պուճուրին շալակեց, նի մտավ ջուրը․ հենց հասավ ջրի մեջտեղը, եդ մտիկ արեց, տեհավ էն դհիցը մի գել վրա հասավ մենծ տղին, ըռխեց ու յա՜լլա։ Ափալ-թափալ ետ դառավ, որ էթա տղի հավարին՝ բիրդան ոտը սոթ տվեց, շալակի էրեխեն ընկավ ջուրը։ Էս որ տեհավ, էն սհաթը իրան քցեց ջուրը, էրեխի ետևիցն ընկավ, որ կալնի․ ի՛նչ արեց, չարեց՝ չկարաց հանի՝ քիչ էր մնում ինքն էլ հեննեն հեղտվի․ նո՛ր անջախ լեզ լատոն, լեղ տալոն իրան քցել ա ղրաղը։ Թրջված-մրջված, ջուրը վրիցը ծլծլալեն դուս ա գալի ցամաքը, նո՛ր ըտե շորերը հանոտում, մզում, արևումը փռում, որ չորանա։

— Փա՛ռք քեզ, աստոծ,— ասում ա,— փա՛ռք քու ողորմությունին․ դո՛ւ տվիր , դո՛ւ էլ առար։ Հալբա՛թ ես մի մեղքի տեր եմ, որ ըս էլ իրեք հետ ինձ պատժում ես։

Ըսենց մի էրեխին գելն ա տանում, մեկելին՝ ջուրը։ Ըստո էնքամ կենում ա, որ ընչանք շորերը չորանում ա, նո՛ր վեր ա կենում մեն-մենակ, դառը-տխուր ընկնում ճամփա։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա մի քաղաք։ Մննում ա քաղաքը, տենում մարդ-մադաթ չկա։ Մի քիչ աղաք ա էթում, ղալմաղալի ձեն ա ընկնում անկաջը։ Էթում ա տենում մի եքա մեյդանի միջի խալխը կիտվել են։

— Էս խալխը խի՞ են կիտվե,— հարցնում ա։

— Մեզ հմար թագավոր ենք ջոկում,— ասում են։

Ինքն էլ էթում ա մի ղրաղ տեղ կաննում, թամաշ անում, անում ա՝ տենամ սրա վերջն ի՞նչ ա ըլնում։ Էդ վախտերքը սովորութք ա ըլնում, որ թագավոր ջոկելիս, բերում ին մի ղուշ բաց թողում, էդ ղուշը ում գլխին էթար կաններ[7], նրա՛ն շինում ին թագավոր։ Բերում են ղուշը բաց թողում․ բաց թողալու բաշտան՝ էդ ղուշը դե՛ս ս թռնում, դե՛ն ա թռնում, գալի մեր դարվշի գլխին պուպուզ կաննում։ Քոմմա մնում են մաթ էլած մտիկ անելոն, թե էս ի՞նչ բաս ա, ղուշը խի՞ էկավ էդ դարվշի գլխին կաննեց։

— Էս մինը հե՛չ,— ասում են․— էկե՛ք թազադան բաց թողանք։

Լա՛վ։ Բերում են թազադան բաց թողում․ էս հետ էլ ա թռնում, գալի դրա գլխին կաննում։ Մախլա՛ս, գլխներդ ի՛նչ ցավացնեմ, իրեք հետ ղուշը բաց են թողում, իրեք հետն էլ գալիս ա մեր դարվիշն ա, որ էս դարվիշը։

— Կա՛ չկա,— ձեն են տալի ամեն դհիցը,— մեր թագավորը էս դարվիշն ա, որ էս դարվիշը։

Բերում են էս սհաթը նրա քրչոտ-մրչոտ շորերը հանոտում, թագավորի շորեր հագցնում, առոք-փառոք տանում թախտի վրեն նստացնում։

Սրան թողանք ըստե թագավոր, գանք խաբար տանք սրա էրեխեքանցիցը։

Գելը որ մենծ տղին ըռխում ա, առնում փախնում՝ մի չոբան ընդիան վարավուրդ ա անում, շները քըս տալի, քցում գիլի եննուցը․ «Հալա՜յ հա հալայ, հալա՜յ հա հալայ, հալա՜յ հա հալայ»։ Շները որ գիլին հակալ-հակալ են քցում, գելը վախլությունիցը էրեխին վեր ա քցում, թողում փախնում։ Չոբանն էթում ա տենում՝ մի սի՜րուն, մի նա՜շխուն էրեխա։

— Ո՞ւմ տղեն ես,— հարցնում ա չոբանը,— ո՞նց ա էլե, որ գիլի ճանկն ես ընկե։

Էրեխեն նստումա ա ըստե մին-մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Ինձ տղա չե՞ս ըլնի,— հարցնում ա չոբանը,— զաթի ես էլ տղա չունեմ։

— Խի՞ չեմ ըլնի,— ասում ա էրեխեն,— դու որ ինձ գիլի ճանկերիցը պրծացրիր՝ քե՛զ չըլնեմ, էլ ո՞ւմ պտի ըլնեմ։

Չոբանը վեր ա ունում սրան շինում իրան տղա, գառները տալի, որ տանի արածացնի։

Հմի գանք խաբար տանք մեկել աղպորիցը։

Մեկել աղպորն էլ ջուրը քշում ա, քշում տանում մի ջաղացի նավի[8] բանդ անում։ Ջաղացպանը մի վախտ տենում ա ջուրը խըրթ կտրվեց։ Դուս ա գալի, ջրին[8] մտիկ տալի, տենում մի բան դեմ ա առե նավին[9]․ քաշում ա հանում, տենում մի լըխտիկ-մըխտիկ նաշխուն էրեխա։

— Ո՞ւմ էրեխեն ես,— հարցնում ա ջաղացպանը։

Էրեխեն նստում ա մին-մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

— Ինձ տղա չե՞ս ըլնի,— հարցնում ա ջաղացպանը,— զաթի ես էլ տղա չունեմ։

— Խի՞ չեմ ըլնի,— ասում ա էրեխեն,— դու որ ինձ հեղտվելուց պրծացրիր՝ քեզ չըլնեմ, էլ ո՞ւմ պտի ըլնեմ։— Սա էլ դառնում ա ջաղացպանի տղեն։

Գանք սալըղը տանք սրանց հորիցը։

Սրանց հերը, որ թագավոր ա դառնում, օրեն մի օրը իրա նազիր-վեզիրի հեննա դուս ա գալի իրա երկիրը ման գալու, ասում ա․ «Տենամ իմ խալխը ոնց ա ապրում, ի՞նչ ա անում, ի՞նչ չի անում, իրա հալիցը հո գանգատա՞վոր չի»։ Թագավորն ա՝ է՛ս գեղն ա էթում, է՛ն գեղն ա էթում, դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, որդե էթում ա՝ հարց ու փորձ ա անում, խալխի հալը հարցնում, ասում, խոսում, վերջը գալիս ա մի ջաղացի ռաստ գալի։ Ինքն էլ շատ ծարավ ա ըլնում։

— Ջա՛ղացպան աղպեր,— ասում ա,— մխելի ջուր բե՞րես՝ խմեմ։

Էս է՛ն ջաղացպանն ա ըլնում, որ ջուրն ընկած էրեխին հանում ա, բերում իրան տղա շինում։

— Ջո՛ւխտ աչքիս վրեն, թագավո՛րն ապրած կենա,— ասում ա ջաղացպանը։— Էն սհաթը փարչը[10] տանում ա լավ, սիրունիկ օղողում, թամըզացնում, կանթեղի նման զուլալ ջրիցը լցնում, տալի իրա տղին, ասում ա․ «Տա՛ր տու թագավորին»։ Տղեն ջուրը բերում ա տալի թագավորին։ Թագավորը էս էրեխին տենալու բաշտան շատ ա հավանում։

— Ո՞ւմ տղեն ես,— հարցնում ա թագավորը։

— Ջաղացպա՛նի,— ասում ա էրեխեն։

— Գնա՛ հորդ կանչա՛ գա ըստե։— Էրեխեն էթում ա հորը կանչում, բերում թագավորի կուշտը։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա ջաղացպանը։

— Էս էրեխեն քո՞ւնն ա,— հարցնում ա։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա․ իմն ա․ խի՞ որ։

— Չի՞լնի ինձ բաշխես։

— Խի՞ չիլնի, թագա՛վորն ապրած կենա, փե՜շքաշ ա․ ես քեզանից զա՞դ կխնայեմ։— Տղի կռնիցը բռնում ա, տալի թագավորին։

Թագավորը ջաղացպանին մի բուռը ոսկի ա տալի, էրեխին վեր ունում, բերում ամարաթը, շինում իրա աղաքին նոքար։

Անց ա կենում մի քանի վախտ, թագավորը էլի օրեն մի օրը դուս ա գալի իրա երկիրը ման գալու։ Շատ դե՛ս, դե՛ն ա ման գալի, վերջը ճամփին սրան մի չոբան ա ռաստ գալի։ Էս չոբանն էլ է՛ն չոբանն ա ըլնում, որ գիլի տարած էրեխին ազատում ա, բերում շինում իրան տղա։ Թագավորի սիրտը կաթ ա ուզում։

— Չո՛բան աղպեր,– ասում ա թագավորը,– մխելի կաթ բե՞րես՝ խմեմ։

— Ջո՜ւխտ աչքիս վրեն, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա չոբանը։

Չոբանը էն սհաթն էթում ա մննում սուրուի մեջը, մի ոչխար կալնում, կաննացնում, կթում, քերեղանը[11] պռտեպռունկ կաթը լցնում, տալի իրա տղին, որ տանի տա թագավորին։ Տղեն քերեղանը վեր ա ունում, վազացնում թագավորին: Էս էրեխեն էլ թագավորին շատ գիր ա գալի։

— Ա՚յ որդի,— հարցնում ա թագավորը,— ո՞ւմ տղեն ես։

— Չո՛բանի,— ասում ա։

— Գնա՛ հորդ կանչա՛ գա ըստե։— Տղեն էթում ա հորը կանչում, բերում թագավորի կուշտը։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա չոբանը։

— Էս տղեն քո՞ւնն ա,— հարցնում ա։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, իմն ա․ ի՞նչ կա որ։

— Չի՞լնի ինձ բաշխես։

— Խի՞ չիլնի, թագա՛վորն ապրած կենա, փե՜շքաշ ա. ես քեզանից տղա՞ կխնայեմ.— Տղի կռնիցը բռնում ա տալի թագավորին։

Թագավորը չոբանին մի բուռը ոսկի ա տալի, տղին վեր ունում, բերում ամարաթը, սրան էլ ա իրա աղաքին նոքար շինում։ Էս էրկու տղեն իրար հեննա սիրով ապրում են, մենծանում ամարաթումը, ոնց որ մի դռան էրկու շուն՝ ըսկի չեն էլ իմանում, թե աղպերտինք են։

Անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, չորս տարի, հինգ տարի, մախլաս՝ տասը տարի, օրեն մի օրը էս թագավորի երկիրը մի բեզրգյան ա գալի առուտուրի։ Էդ վախտերքը սովորութք ա ըլնում, որ մի բեզրգյան էթում էր ուրիշ երկիր, պտի իրա ապրանքիցը փեշքաշ տաներ էդ երկրի թագավորին: Էս բեզրրգյանն էլ լավ-լավ փեշքաշներ ա վեր ունում, գալի թագավորին տենալու:

— Ո՞րդիանցի ես,— հարցնում ա թագավորը։

— Ֆլա՛ն երկրիցը,– ասում ա բեզրգյանը։

— Ի՞նչ բանի հմար ես էկե:

— Էկել եմ առուտուրի։ Ըերած փեշքաշները հանում ա ընդե վե դնում, ասում ա.— Ըս էլ բերել եմ քու փայը։

— Շա՛տ լավ ես արե,— ասում ա թագավորը,— գլխիս վրեն ես էկե: Ինչքամ սիրտդ ուզում ա՝ իմ երկրումը կա՛ց, քու առուտուրն արա՛:

Էս բեզրգյանը թագավորին շատ գիր ա գալի․ նստում ա նրա հեննա երկար ու բարակ ասում, խոսում, զրից անում, էթալիս էլ թամբահ ա անում, որ քանի ըստե ա՝ իրա կուշտն էթա, գա։ Բեզրրգյանն էլ հո՝ ուրախանում ա, աշխարով մին ըլնում․ վեր ա կենում թագավորին գլուխ տալի, թողում էթում իրա բանին: Էս բեզրգյանը է՛ն բեզրգյանն ա ըլնում, որ, է՜, սրանից քանի տարի առաջ չոլումը վեր ա գալի, չադիր տալի, եննա ինչ խարլությունով թագվավորի կնիկն առնում՝ փախնում։

Անց ա կենում մի քանի վախտ, օրեն մի օրը էլի էս բեզրգյանը վեր ա կենում, ասում ա. «Էթամ թագավորին տենամ»: Վեր ա կենում գալի թագավորի կուշտը։ Իրար հեննա հաց են ուտում, պրծնում, նստում դե՛սից, դե՛նից ասում, խոսում, զրից անում, ընչանք դառը կես գշեր խոսում են։ Եննա բեզրգյանը վեր ա կենում, որ էթա, թագավորը չի թողում։

— Էս բեվախտին էլ ո՞ւր ես էթում,— ասում ա,— հազիր ըստե կքնես, կլիսանա նոր վե կկենաս, կէթաս։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա բեզրգյանը,– չե՛մ կարա, ես դուքանի տեր եմ, պտի էթամ. բալի գշերն էկան դուքանս կտրեցին, ինչ կա չկա տարան. էն վա՞խտը:

— Մի՛ վախենա,— ասում ա թագավորը,— դուքանիցդ մի չոփ էլա չի կորչի. նոքարներիս կղրկեմ, կէթան դուքանիդ մուղաթ կենան։ Թե կորավ՝ ես տամ։

Բեզրգյանն էլ չի կարում թագավորի խաթրիցն անց կենա։

— Դո՛ւ գիտաս, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— որ ասում ես, կկենամ։– Էդ գշերը թագավորի ամարաթումն ա քնում։

Թագավորն էն սհաթը կանչում ա իրա էրկու նոքարին՝ ջաղացպանի՛ ու չոբանի տղին։

— Կէթա՛ք,– ասում ա,— էս գշեր բեզրգյանի դուքանին ղարավուլ կքաշեք, մուղաթ կկենաք, որ մարդ֊մուրդ չմոտանա: Չըլնեմ չիմանամ քնեք, հա՛, թե չէ էլ ձեռիցս չեք պրծնի: Իմացա՞ք:

— Իմա՛ցանք, թագա՛վորն ապրած կենա,— ասում են նոքարները, – ո՛նց կքնենք. հո մեր գլխիցը ձեռը չենք վե կալե:

Ասպարավորվում են, յարաղ, ասպար կապում, բեզրգյանի դուքանի բալանիքն առնում, էթում դուքանի դուռը բաց անում, ճրագ վառում, նստում: Բեզրգյանի կնիկն էլ դուքանի միջին քնած ա ըլնում։

— Բա՛ ո՞նց անենք,— ասում ա պուճուր աղպերը,— որ քններս չտանի։

— Էլ ուրիշ ճար չկա,— ասում ա մենծ աղպերը,— արի՛ հեքաթ ասենք, բալի քններս փախնի:

— Լա՛վ, ասենք։ Դե բաս ըտենց ա՝ աղաք դու ասա, եննա ես։

— Որ հեքաթի տեղակ իմ գլխով անցկացածը նաղլ անեմ՝ չի՞լնի։

— Խի՞ չիլնի: Ընենց արա՛, որ չքնենք՝ նրանից դենը դո՛ւ գիտաս, ի՛նչ ուզում ես՝ ասա՛։

Բեզրգյանի կնիկը սրանց ձենիցը զարթնում ա, համա վախլությունիցը ձեն-ծպտոն չի հանում․ խեղճը հենց իմանում ա գողեր են, ասում ա. «Տենամ ի՞նչ են մասլահաթ անում», տեղի միջին տաղ ա անում, մնում։

— Դե՛ անկաջ դի, ասում եմ,— ձեն տվեց մենծ աղպերը։

— Ասա՛, անկաջ եմ դնում։

— Ես,— ասեց մենծ աղպերը,— ֆլա՛ն թագավորի տղեն եմ։ Օրեն մի օրը մի դարվիշ էկավ հորս ամարաթը, խաբլությունով հորս ձեռիցը թագավորությունը խլեց, մեզ ընդիան դուս արեց։ Խեղճ հերս ի՛նչ արեց, չարեց էլ չկարաց թագավորությունը եդ առնի. ճարը կտրած, իմ ու պուճուր աղպորս կուռը բռնեց, մենք դեռ հլա էրեխեք ինք, մորս հեննա դուս էկավ ղարբություն, որ մի աշխատանքի տուտ բռնի, մեր գլուխը պահի։ Էկանք, էկանք, էկանք, շատն ու քիչն աստոծ ա խաբար, մի չոլ, յաբանի տեղ գշերը վրա հասավ։ Գնացինք թիթեն-միթեն կիտեցինք, բերինք կրակ արինք՝ ընդե գշերը կացանք։ Հաց-մաց կերանք, պրծանք, թեք ընկանք՝ քնեցինք։ Հենց աչքներս նոր ինք կպցրե բիրդան հեռվից զնգզնգոցի ձեն ընկավ անկաջներս: Ետ մտիկ արինք, տեհանք մի բեզրգյան իրա քարվանով, քոչ ու բարխանով էկավ, մեզնից մի մանգղիլ հեռու վեր էկավ, ընդե չադիր տվեց: Վրիցը մի սհաթ չանցկացավ, մըն էլ տեհանք էդ բեզրգյանի նոքարներն էկան, թե մի քանի կրակ տա՞ք, տանենք կրակ անենք։ Հերս էլ վե կալավ, թե. «Հրե՛ն կրակը, հրե՛ն դուք. տանում եք՝ տարեք»։ Նրանք էլ մի թիթենի կտորի վրեն մի քանի կրակ դրին, վե կալան գնացին։ Գնացին, էլեդ էն սհաթը ետ դառան։— Խի՞ էկաք,— հարցրեց հերս։ «Մեր բեզրգյանի կնիկը էրկուֆոգիս ա,— ասեցին,— որդե որ ա կազատվի․ ասսու սիրուն, թող կնիկդ գա ազատի, էլ եդ նրան մեր ձեռովը վեր ունենք՝ բերենք»։ Մերս էլ ավատաց նրանց խոսքին, վե կացավ գնաց. հլա էն գալն ա՝ որ պտի գա։ Լիսացավ, վե կացանք, տեհանք՝ ո՛նչ քարվան կա, ո՛նչ զադ․․․։

Պուճուր աղպերը ընչանք ըստե որ լսեց, ալբիալը մատը կծեց. «Բալի,— ասեց ինքն իրան,— սա իմ աղպերն ա, որ իմ աղպերն ա»։

Էլ չկարաց դիմանա, որ աղպերը քոմմա ասի, պրծնի, վե թռավ փաթթվեց ճտովը։

— Ա՛յ հարա՜յ,— ձեն տվեց,— բաս դու իմ աղպերն ես․․․— Էլ չկարաց խոսա, արտասունքը էն սհաթը բուռը-բուռը աչքերիցը վե թափեց։

Մերն Էլ էն դհիցը վրա պրծավ[12], փաթըթվեց տղեքանց ճտովը, նրանց թշերը պաչեց, աչքերը պաչեց, պաչպչորեց, տասը բեռը աբասունք չափեց։

— Ա՛յ իմ կորած ազիզ բալեք,— ասեց,— ես էլ ձեր մերն եմ․ ախա՛ր մե՜ռա էսքամ տարի ձեր դարդովն էրվելոն, խորովելոն․․․

Իրեքով էլ մնացին մաթ էլած, իրար էրեսի մտիկ անելոն, հենց իմանում ին էրազ ա՝ ինչ որ տենում են։ Ախա՛ր ո՜րդիան ո՜րդե. ըսկի ավատալու բա՞ն ա։

Նո՛ր նստում են ըստե թազադան խոսք ու զրըցի, մասլահաթի տուտը բաց անում, ասում, խոսում, իրար հալ հարցնում, իրար քեֆ հարցնում, իրար գլխով անցկացածը նաղլ անում, լսում, իրար էրեսի մտիկ տալի, խնդում, ծիծաղում, ուրախանում՝ աշխարով մին ըլնում, ընչանք քնները տանում ա, բերում են թազադան տեղեր քցում դուքանի միջին, իրար ճիտ անում, անուշ քնում։

Առավոտը լիսը բացվում ա թե չէ, բեզրգյանը վեր ա կենում, թագավորիցը իզին առնում, կրնկում դպա դուքանը։ Գալիս ա ի՛նչ տենում՝ իրա կնիկը թագավորի նոքարների հեննա ճիտ արած քնած։ Էլ ձեն֊ծպտոն չի հանում, թողում ա գալի թագավորին իմաց տալի:

— Թագա՛վորն ապրած կենա,– ասում ա,– քո նոքարները, որ ղրկել իր դուքանիս մուղաթ կենան, արի՛ աչքովդ տես ինչ հալի են։

— Խե՛ր ըլնի,— հարցնում ա թագավորը,— ասա տենամ ի՞նչ ա պատահե:

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— չեմ ասի. արի՛ քու աչքովդ տես, որ ավատաս:

Թագավորը իրա նազիր-վեզրի հեննա վեր ա կենում, գալի դուքանը, ամեն բան իրա աչքովը տենում։ Թագավորը մնում ա սառած մտիկ անելոն։

— Էդ քո՞ւ կնիկն ա,— հարցնում ա թագավորը։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, ի՛մ կնիկն ա։

— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ,— ձեն ա տալի թագավորը:

Ջանլաթները գալիս են ընդե կաննում։

— Ի՜նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում են։

— Սրանց վե կացրեք,— ասում ա թագավորը,— իրեքին էլ էս սհաթը իմ աղաքին քյալլա արեք:

Ջանլաթները բռթում են, վե կացնում։ Մերը որ աչքը բաց ա անում, թագավորին, նազիր-վեզրին, բեզրգյանին տենում իրանց գլխավիրև՝ ալբիալը իմանում ա, թե բանը ինչումն ա։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա մերը,— էրկու խոսք ունեմ՝ թո՛ղ ասեմ, եննա ի՛նչ ուզում ես արա՛։

— Ասա՛,— ասում ա թագավորը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— որ մեր մի մազին էլա դիպնես՝ իմաց կա՛ց հուր հավիտենական մեզ պարտական կմնաս. չունքի սրանք որ կան՝ իմ տղեքն են, ես էլ սրանց մերը։ Նստում ա ըստե մին-մին, տեղը-տեղին իրա գլխով անցկացածը նաղլ անում, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Ա՛յ հարա՜յ,— ասում ա թագավորը,— բա՛ս դու էլ իմ կնիկն ես, դրանք էլ իմ տղեքը։

Ասում ա ու[13] փաթթվում նրանց ճտովը։ Քոմմա մնացել ին սառած մտիկ անելոն: Բեզրգյանի հալը հո մի՛ք հարցնի. ռանգ–մռանգը քցել ա, սփրթնե, դառե պատի ծեփ։

— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ,— ձեն ա տալի թագավորը,— էս սհաթին բեզրգյանին քյալլա արեք։

Թուրը շողշողալու բաշտան բեզրգլանի գլուխը ֆըռռում ա, ընդե վեր ընկնում։

Թագավորը նո՛ր կնկա, տղեքաց կուռը բռնում ա, էթում ամարաթը: Էլ ինչ քե՜ֆ, էլ ինչ ուրախությո՛ւն, էլ ի՜նչ մատաղներ մորթոտիլ, էլ ի՛նչ աղքատներին փող բաժանիլ, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Սուտ չի ասած. «Ասսու պահած գառը գելը չի ուտի»։

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։